Հոկտեմբերին Երեւանում կայանալիք Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գիտաժողովին կմասնակցի 145 գիտնական 32 երկրներից, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանում անցկացված գիտական միջոցառումների ողջ պատմության մեջ:

Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ նման քանակի երկրներ ներկայացված են եղել նաեւ 2007թ. կայացած Եվրոպական աստղագիտական համագումարում: Գիտաժողովը, որը կկայանա 2013թ. հոկտեմբերի 7-11-ին եւ ստացել է ՄԱՄ թիվ 304 գիտաժողովի պաշտոնական համարը, նվիրված է հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին եւ անցկացվում է «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ» թեմայով:

Առավել շատ մասնակիցներ կլինեն զարգացած աստղագիտական երկրներից` ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ավստրալիա, Ռուսաստան, Ուկրաինա, ինչպես նաեւ Հայաստանից: Ներկայացված են նաեւ Արգենտինան, Բրազիլիան, Բուլղարիան, Թայվանը, Իռլանդիան, Իրանը, Լեհաստանը, Կոլումբիան, Հոլանդիան, Հունաստանը, Ղազախստանը, Մալայզիան, Մեքսիկան, Չիլին, Պորտուգալիան, Սերբիան, Վենեսուելան եւ Վրաստանը: Մասնակիցների թվում են անվանի աստղագետներ` միջազգային կազմակերպությունների եւ գիտական ծրագրերի ղեկավարներ, աստղադիտարանների եւ աստղագիտական ինստիտուտների տնօրեններ, ինչպես նաեւ բազմաթիվ երիտասարդ աստղագետներ: Կներկայացվեն շուրջ 60 բանավոր զեկուցումներ եւ շուրջ 100 պոստերներ:

Գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներում կներգրավվի ուսանողների խումբ ԵՊՀ Ֆիզիկայի, Միջազգային հարաբերությունների, Ռոմանո-գերմանական բանասիրության եւ Լրագրության ֆակուլտետներից, ինչպես նաեւ Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանից եւ Տուրիզմի ինստիտուտից:

Հայաստանում նման գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989, 1998 եւ 2001թթ., եւ 2013-ին անցկացվելիք գիտաժողովը կլինի 6-րդը: