Նյու Յորքում Մանսուր Արբաբսիարը, որը մեղավոր էր ճանաչվել սաուդյան դեսպանի դեմ մահափորձ կազմակերպելու համար, դատապարտվել է 25 տարվա բանտային կալանքի:

Արբաբսիարի պաշտպանությունը նրա համար ավելի մեղմ պատիժ էր խնդրել՝ 10 տարվա ազատազրկում, պատճառաբանելով, որ մեղադրյալը երկբեւեռ խանգարմամբ է տառապում:

Հետաքննության տվյալով՝ ամերիկյան եւ իրանական քաղաքացիություն ունեցող Արբաբսիարը Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ Ջուբերիայի դեմ մահափորձ էր կազմակերպում: Սպանությունը նախատեսվում էր իրագործել ռեստորանում պայթյուն կազմակերպելու միջոցով:

Մահափորձը կանխելու մասին ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին 2011թ. հոկտեմբերին:  Արբաբսիարը խոստովանել էր մեղքը՝ հայտնելով, որ իրեն աջակցել են իրանական հատուկ ծառայությունները: Մեղադրյալը, ըստ իր ցուցմունքի, մեկ միլիոն դոլար վարձատրություն էր ստանալու, գրում է lenta.ru-ն:

Թեհրանը հերքել էր մեղադրանքները՝ հայտարարելով, որ Արբաբսիարը ճնշման տակ է ցուցմունք տվել: Իրանը կատարվածը Սաուդյան Արաբիայի հետ իրեն թշնամացնելու փորձ էր անվանել:

Արբաբսիարը մահափորձի կազմակերպման համար փորձել էր կապ հաստատել մեքսիկական «Զետաս» թմրակարտելի հետ, սակայն այն անձը, ում հետ նա պայմանավորվել էր, ամերիկյան հատուկ ծառայություններին տեղեկություններ հաղորդող էր եղել: