Մարտի մեկին Հայաստանի հեռաբժշկության ասոցիացիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջեւ կնքվող պայմանագրի շնորհիվ Հայաստանում սկիզբ կդրվի Հեռաբժշկության մեթոդի կիրառման առաջին լուրջ փորձին: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի հեռաբժշկության ասոցիացիայի փոխնախագահ Արմեն Ավոյանը` ավելացնելով, որ արդեն մեկ ամիս անց Հայաստան կբերվեն թվային սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի Երեւանը կապել հեռավոր շրջանների հետ, եւ հիվանդին ստուգել, բժշկական խորհրդատվություն կամ բուժում նշանակել՝ առանց նրան տեղաշարժելու: «Երեւանի կենտրոնական գրասենյակ կհրավիրվի մասնագետը, որի կարիքը ունի որևէ հեռավոր շրջանում գտնվող հիվանդը, եւ օրինակ` գյուղի փոքր ամբուլատորիայի բժիշկը ստետասկոպը կդնի հիվանդի թոքերը կամ սիրտը լսելու, եւ օնլայն ռեժիմում նույն աղմուկը կամ սրտի ձայնը կկարողանա լսել կենտրոնական գրասենյակում գտնվող բժիշկը»,- ասաց Ա. Ավոյանը` ավելացնելով, որ հեռաբժշկության թվային սարքերի հիմնական առավելությունն այն է, որ դրանց շնորհիվ մատչելի է դառնում նեղ մասնագետի խորհրդատվությունը հեռավոր շրջանում, բացի այդ, հիվանդը չի տեղաշարժվում իր բնակության վայրից:
«Հեռաբժշկության նման ծրագրեր կամ սարքավորումներ մեր հարեւան երկրներում չկան, Հայաստանն առաջինն է սկսում կիրառել զարգացած երկրներում լայնորեն կիրառվող հեռաբժշկության թվային սարքավորումները»,- ասաց Հայաստանի հեռաբժշկության ասոցիացիայի փոխնախագահը ` ավելացնելով, որ ծրագրվում է սարքավորումները ձեռք բերել եւ փորձնական ծրագիրը սկսել մեկ ամիս անց։ Ծրագիրը կմեկնարկի, հավանաբար, Գյումրիից:
Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ ՄԶԳ-ն։ Հատկացվող գումարը դեռ վերջնական հստակեցված չէ, այն կախված է ձեռքբերվող սարքավորումների քանակից, սակայն, օրինակ` թվային մոնիտորը, որը չափում է պուլսը, ճնշումը, արյան թթվածնով հագեցվածությունը, արժե մոտ 4000 դոլար:



























