«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Համեցի´ր մեր աշխարհ» խորագրով ցուցահանդես-միջոցառման անցկացման մասին: «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ 2013թ-ի հունիսի 1-ին ժամը 12:00-ին «Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում» Երեւանի Աբովյան-16 հասցեում տեղի կունենա ցուցահանդես-միջոցառումը:

Ցուցահանդեսում ներկայացված են Մանկական զարգացման Հիմնադրամի հատուկ կարիքներով երեխաների աշխատանքները: «Համեցի´ր իմ աշխարհ» ծրագիրը մեկնարկել է 2013թ ապրիլի 1-ին: Ծրագրի նպատակն է արվեստի միջոցով խթանել հատուկ կարիքներով երեխաների զարգացումը:

«Երեխաների պաշտպանության միջազգային օրը դա աշխարհի ամենապայծառ տոներից մեկն է: Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորիս համար պետք է հանդիսանա գերնպատակ: Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր «ԱրմենՏել»  ընկերությունը մեծ նշանակություն է տալիս այն ծրագրերին, որոնք նպաստում են հասարակության մեջ հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը: Ընկերությունն աջակցելով «Համեցի´ր իմ աշխարհ» ծրագրի անցկացմանը, օգնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին շփվել արվեստի եւ գեղեցիկի հետ, բացահայտել այն հսկայական մտավոր եւ ֆիզիկական ներուժը որով օժտված են նրանք`  նպաստելով նրանց պայծառ ապագայի կերտմանը», - նշել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Միջոցառման կազմակերպմանն աջակցում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ն եւ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը: Միջոցառման հյուրերն են ՀՀ ԿԳՆ, ՀՀԱՍՀՆ-ի կանանց, ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչության,  Երեւանի քաղաքպետարանի Երեխաների իրավուքների պաշտպանության բաժնի, Կրթության ազգային ինստիտուտի Հայաստանում գործող հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ եւ արվեստագետներ: