Հովարդ Հյուզի անվան բժշկական ինստիտուտի գիտնականները արմատական միջոց են մշակել մոծակների դեմ պայքարի համար` նրանց գենետիկ մոդիֆիկացիայի ենթարկելով: Գենետիկ մոդիֆիկացված մոծակների մոտ փոխվել են համային նախասիրությունները, նրանց այլեւս չի հրապուրում մարդու հոտը, գրում է ABC Science պարբերականը:

Հետազոտության հեղինակ Լեսլի Վոսհոլլի խոսքով, միայն մեկ գենի փոփոխությունը հանգեցնում է մոծակի համային նախընտրությունների փոփոխության: Եթե նախկինում մոծակը այլընտրանքի առջեւ էր` ո՞ւմ կծել, մարդո՞ւն, թե՞ կենդանուն, եւ միանշանակ նախապատվությունը տալիս էր մարդուն, մոդիֆիկացված մոծակները մարդուն հանգիստ են թողնում:

Ապագայում կենսաբանները ծրագրում են պարզել, թե ինչու է միջատներին այդպես հրապուրում մարդկային արյունը, եւ ինչ միջոցներով կարելի է պայքարել դրանց դեմ: