Քիչ առաջ Մանկական երկաթուղի է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն՝ իր 4 թոռնիկների (3 տղա, 1 աղջիկ) հետ միասին (ֆոտոռեպորտաժ): Այսօր Հովիկ Աբրահամյանի համար կրկնակի տոն է, քանի որ նա երեկ նորից պապիկ է դարձել. ծնվել է Հովիկ Արգամի Աբրահամյանը:
ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նորածին թոռնիկը շատ նման իր որդուն: Խոսելով իր մանկության մասին, նա ասաց, որ մանկության դրվագները միշտ հիշում է եւ դրանք պատմում իր երեխաներին ու թոռնիկներին, միշտ խորհուրդ տալիս, որ այս օրերն արդյունավետ օգտագործեն: Թոռնիկներն էլ իրենց հերթին լսում են: Մանկական խաղերից Հովիկ Աբրահամյանը հիշեց պահմտոցին, այլ խաղեր նրա մոտ չէին տպավորվել:
Ինչ վերաբերում է մանկական չարաճճիություններին, ԱԺ նախագահն ասաց, որ երեխաները հենց նրա համար են, որ չարաճճի լինեն, քանի որ նրանք ազնիվ են, անկեղծ, անմիջական եւ խարդավանքների, քաղաքականության մեջ չեն մտել: Նա նաեւ նկատեց, որ այժմ երեխաներն ավելի նորմալ պայմաններում են ապրում եւ ցանկություն հայտնեց, որ բոլոր երեխաները լավ ապրեն եւ երջանիկ ընտանիքներում մեծանան, լավ գիտելիք ստանան ու իրենց պետությանն օգտակար լինեն:
ԱԺ նախագահն ընդգծեց նաեւ, որ իր թոռնիկների միջեւ որեւէ խտրականություն չի դնում եւ բոլորին հավասար է սիրում, քանի որ բոլորն էլ լավն են:
Հովիկ Աբրահամյանը մոտեցավ բարեգործական ակցիայի շրջանակներում պաղպաղակ վաճառող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանին եւ նրանից պաղպաղակ գնեց: Լրագրողներից մեկի կատակով ակնարկին, թե ԱԺ պատգամավորի աշխատավարձը երեւի այնքան էլ բարձր չէ, որ նրանք այժմ պաղպաղակ են վաճառում, Նաիրա Կարապետյանը դիմելով Հովիկ Աբրահամյանին, ասաց. «Պրովոկացիա է, Հովիկ Արգամիչ, պրովոկացիա է»:
Լրագրողները նաեւ նկատեցին, որ հարեւանությամբ պաղպաղակ է վաճառում ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը եւ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Հովիկ Աբրահամյանը նրանցից եւս պաղպաղակ գնեց եւ մասնակցեց երեխաների համար կազմակերպված բարեգործությանը: Նա գնումներ կատարեց բոլոր սեղանիկներից, որտեղ պաղպաղակներ էին վաճառում, թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչները, թե պարզապես հայտնի անձիք՝ շոու բիզնեսի ներկայցուցիչներ, երգչուհիներ:
Հովիկ Աբրահամյանը նաեւ ասաց, որ այս օրվա համար թոռնիկներին խոստացել է նաեւ պիցցա եւ այժմ գնում են պիցցա ուտելու: Հարցին, թե հետո գնալո՞ւ է կնունքի (Գագիկ Ծառուկյանի եւ պատգամավոր Մուրադ Գուլոյանի թոռների կնունքն է-խմբ) նա բացասական պատասխան տվեց, նշելով, որ արտասահմանից հյուրեր ունի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











