Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 21-ին Սայաթ Նովա փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ տաքսու ուղեւորը չէր վճարել ուղեվարձն ու երբ վարորդը պահանջել էր վճարել, ուղեւորը նրան դաժան ծեծի էր ենթարկել:
NEWS.am-ի տեղեկություններով` այդ երիտասարդը ԲՀԿ-ից հեռացված գործարար Ռուբեն Մասումյանի` Բենզին Ռուբոյի որդին է, ում անունը Արման է:
Հիշեցնենք, որ տաքսու վարորդ Սամվել Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ին պատմել էր, որ մի երիտասարդ, օգտվելով իր ծառայությունից` մեքենայից իջել էր առանց գումարը վճարելու: Ապա մեկ օր անց Սայաթ-Նովա փողոցում հանդիպելով, որտեղ էլ ապրում է այդ երիտասարդը, հիշեցրել էր չվճարած 2000 դրամի մասին, ինչից հետո վերջինս մոտեցել էր ու երկաթով հարվածներ էր հասցրել նրա գլխին:
Տարածքում գտնվող ոստիկաններին չէր հաջողվել նույն օրը հայտնաբերել Բենզին Ռուբոյի որդուն: Սակայն օրեր անց հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանություն:




























