ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Իրանին մեղադրել է այն բանի համար, որ վերջինս չի կատարում ԱԷՄԳ-ի եւ ՄԱԿ-ի որոշումները` տեղեկություն տրամադրելու եւ իր միջուկային օբյեկտներ տեսուչների մուտքը թույլատրելու վերաբերյալ: Մեղադրանքները հնչել են հունիսի 3-ին` ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի նիստում: Ըստ Ամանոյի` դա թույլ չի տալիս կարծել, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:
«ՌԻԱ Նովոստին» մեջբերում է Ամանոյի կտրուկ արտահայտությունները, որը հրապարակել է ԱԷՄԳ-ը: «Իրանի տեղակայած ցենտրիֆուգների քանակը շարունակում է աճել, ինչպես եւ հարստացված ուրանը: Այդ գործունեությունն ուղղակիորեն հակասում է ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւերին», - ասված է տեքստում: «Մենք պետք է առանց հապաղելու հստակ արդյունքների հասնենք, որպեսզի վերականգնենք միջազգային հանրության վստահությունը Իրանի միջուկային գործունեության խաղաղ բնույթի նկատմամբ», - ասել է Ամանոն:
Նա կրկին Իրանին կոչ է արել միջազգային տեսուչներին հնարավորություն տալ մտնել Փարչինի օբյեկտ եւ մտահոգություն է հայտնել Արակում IR-40 շարժիչի վերաբերյալ բավարար տեղեկություն չունենալու առթիվ: Ըստ միջազգային պայմանագրերի` ԱԷՄԳ-ը պետք է ստուգի օբյեկտը եւ երաշխիքներ տա դրա խաղաղ բնույթի մասին:




























