Ամերիկյան երկու տասնյակ խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Nike-ը, Microsoft-ը եւ Apple-ը, օֆշորային սխեմաներ են կիրառում՝ հայրենիքում հարկեր չվճարելու համար:
Նման եզրակացության է հանգել «Քաղաքացիները՝ հանուն հարկային արդարության» հասարակական կազմակերպությունը (Citizens for Tax Justice, CTJ):
Դրա հետեւանքով ամերիկյան գանձարանը 2012թ. զրկվել է 92 մլրդ դոլարի հարկից: Խոսքը միայն այն ձեռնարկությունների մասին է, որոնք հրապարակում են ֆինանսական հաշվետվությունները: Նրանց թվում են Nike-ը, Microsoft-ը, Apple-ը, Qualcomm-ը, Dell-ը, American Express-ը եւ այլն: Իսկ տեղեկատվությունը թաքցնողները (ավելի քան 200 ընկերություն), 1,5 տրիլիոնից ավելի եկամուտ են թաքցրել հարկերից: Այս ցուցակում են General Electric-ը, Pfizer-ը, Johnson & Johnson-ը, Procter & Gamble-ը, Pepsi-ն, Hewlett-Packard-ը, Coca-Cola-ն եւ Intel-ը, գրում է KM.RU-ն:
Այսպես, General Electric-ը դուստր ձեռնարկություններ ունի Բահամաներում, Բերմուդներում, Իռլանդիայում եւ Սինգապուրում: Դեղագործական գիգանտ Pfizer-ը՝ Կայմանյան կղզիներում եւ Լյուքսեմբուրգում, իսկ քիմիական Merck կոնցեռնը՝ Բերմուդներում:
Հիշեցնենք, մայիսի վերջին ամերիկյան սենատորները Apple-ին օֆշորային սխեմաների միջոցով 12,5 մլրդ դոլարի հարկերից խուսափելու մեջ էին կասկածել: Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հերքել էր իշխանությունների մեղադրանքները:




























