Նյու Յորքի դաշնային դատարանում հունիսի 3-ին սկսվել են ամերիկյան Apple ընկերության գործով դատալսումները: Ընկերությունը մեղադրվում է ԱՄՆ-ի խոշորագույն հրատարակչությունների հետ պայմանավորվածության գալու մեջ, հայտնում է USA Today-ը:
2012թ. ապրիլին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն Apple-ի դեմ հայց էր ներկայացրել՝ նրան մեղադրելով գրքերը ավելացված գներով վաճառելու համար խոշորագույն հրատարակչությունների հետ պայմանավորվածության գալու մեջ: 2009թ. կնքված համաձայնագրում նշված էր, որ գրքերի հեղինակները կարող էին գրքերը վաճառել իրենց իսկ սահմանած գներով, իսկ Apple-ն իրեն իրավունք էր վերապահում սպառողներից 30%-ի չափով հավելավճար գանձել:
Արդյունքում գրքերի միջին արժեքը 9,99 դոլարից բարձրացել էր 14,99 դոլարի, գրում է Time-ը:
Դատախազ Լորեն Բութերմանի խոսքով՝ Apple գործողությունների արդյունքում սպառողները էլեկտրոնային գրքերի համար հարյուրավոր միլիոններ ավել են վճարել:
Իր հերթին Apple-ի փաստաբան Օրին Սնայդերը հայտարարել է, որ մեղադրանքներն անհիմն են, եւ ընկերությունը էլեկտրոնային գրքերի շուկա դուրս գալով՝ բացառապես սեփական առուտրային շահերով է առաջնորդվել:
Նախնական տվյալով՝ դատը եւս երեք շաբաթ կտեւի:




























