Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը, մասնավորապես դրանց տարածումը երկրի ազգային արժույթի՝ ռիալի, վրա չի կարող էական ազդեցություն ունենալ երկրի տնտեսական վիճակի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանը: Նա այդ պնդումը հիմնավորել է նրանով, որ իրանցիներն արդեն կարողացել են երկար ժամանակ կլայուն պահել սեփական արժույթի փոխարժեքը:
«Այդ տեսանկյունից, չեմ կարծում, որ տնտեսական պատժամիջոցները կարող են լուրջ ազդեցություն թողնել Իրանի վրա, սակայն չի կարելի բացառել տնտեսական գործունեության որոշակի անկում, հատկապես նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում»,-նշել է Վարդան Ոսկանյանը: Նա ընդգծել է, որ այդուհանդերձ, իրանական տնտեսության լուրջ թուլացում, ինչի ակնկալիքն ունեն Արեւմուտքում, տեղի չի ունենա:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է խստացնել տնտեսական պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Առաջին անգամ պատժամիջոցներն ուղղակի կերպով տարածվում են Իրանի ազգային արժույթի՝ ռիալի վրա:
Պատժամիջոցները տարածվում են արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների վրա, որոնք զգալի չափով գնում կամ վաճառում են իրանական արժույթ, կամ խոշոր ավանդներ ունեն ռիալով, հաղորդում է Associated Press-ը:
ԱՄՆ-ում հույս ունեն, որ այս պատժամիջոցը օտարերկրյա բանկերին կստիպի ազատվել իրանական արժույթից, ինչն էապես կթուլացնի իրանական արժույթը:
Բացի այդ, ԱՄՆ-ը պատժամիջոցները տարածել է նաեւ այն ընկերությունների ու մասնավոր անձանց վրա, որոնք Իրանին ապրանքներ կամ ծառայություններ կմատուցեն՝ կապված իրանական ավտոմոբիլային տեխնիկայի արտադրության հետ:




























