Իրանի տնտեսությանը հաջողվել է հաղթահարել դժվարությունները նավթի առեւտրի օգնությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Իրանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը` անդրադառնալով Իրանի ազգային արժույթի` ռիալ վրա պատժամիջոցների ուղիղ տարածմանը:

Նրա խոսքով` Իրանը տնտեսական դժվարությունների հետ բախվել է դեռ 2012 թ-ին, երբ  ուժի մեջ մտան արեւմտայն երկրների կողմից  մի շարք սահմանափակումներ: «Արտասահմանյան երկրներին նավթի վաճառքը բախվում է  դոլարի հետ կապված դժվարություններին: Սակայն, այդուհանդերձ, դժվարություններն ինչ-որ չափով հաջողվել է հաղթահարել նավթի առեւտրով»,-նշեց Ռեբերտ Բեգլարյանը: Նա նաեւ ընդգծեց, որ Իրանի իշխանությունները դիմել են տարբեր միջոցների եւ չնայած սահամանափակ կերպով, այնուամենայնիվ, հաջողվել է հաղթահարել տնտեսական դժվարությունները:

«Մոտ ապագայում հնարավոր կլինի նաեւ դիմակայել նոր դժվարություններին: Իրանական պետությունը ստիպված կլինի դրանց հաղթահարման նոր միջոցներ գտնել եւ կիրառել»,-ընդգծեց հայազգի պատգամավորը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել էր խստացնել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Առաջին անգամ պատժամիջոցներն ուղղակիորեն տարածվում են Իրանի ազգային արժույթի` ռիալի վրա: