ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոր ընկերությունների է «սեւ ցուցակ» գցել, որոնք, ըստ նախարարության, վերահսկվում են Իրանի իշխանությունների կողմից:
Ֆինանսների նախարարության «բացահայտած» տվյալներով՝ Իրանի իշխանությունները երկու դուստր ձեռնարկությունների օգնությամբ վերահսկում են 37 մասնավոր ընկերություններից կազմված ցանցը, որոնք Իրանին օգնում են խուսափել միջազգային պատժամիջոցներից:
Ցուցակում հայտնվել են Գերմանիայում (MCS Engineering, MCS International GMBH), Խորվաթիայում (Cylinder system L.T.D.), ՀԱՀ-ում (One Vision Investment 5), ԱՄԷ-ում (Golden resources trading company L.L.C.), ինչպես նաեւ հենց Իրանում գրանցված կազմակերպություններ, գրում է lenta.ru-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու կարգադրություն էր ստորագրել: Այդ պատժամիջոցները վերաբերում են ընկերություններին եւ մասնավոր անձանց, որոնք Իրանին ավտոմոբիլային տեխնիկայի արտադրությանը վերաբերող ապրանք եւ ծառայություններ են տրամադրում: Բացի այդ, պատժամիջոցների ազդեցության տակ առաջին անգամ հայտնվել են օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունները, որոնք իրանական արժույթով (ռիալ) զգալի գումարների առուվաճառքով են զբաղվել կամ բանկերում իրանական արժույթով խոշոր գումարներ ունեն:




























