Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «պատերազմի սինդրոմ» ունի, որը սովորաբար դիտվում է ազատամարտիկների եւ զինծառայողների մոտ, մասամբ դրանով է պայմանավորված խնդիրներ լուծելու նրա մեթոդները: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ի մամուլի ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ մեկնաբանելով Գորիս քաղաքի արյունոտ միջադեպը:

 «Հայ տղամարդկանց մեծամասնությունը ծանր է տանում վիրավորանքը եւ հաճախ «սարերի օրենքով» է դատում՝ արյամբ լվանալով: Նաեւ հարց է ծագում՝ ինչո՞ւ են Բուդաղյանները Խաչատրյանների տուն զինված գնացել», - ասել է Ադիբեկյանը:

Ի պատասխան այս նկատառմանը՝ մամուլի ասուլիսի այլ մասնակից՝ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը հակադարձել է. «Իսկ ինչո՞ւ է մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը զինված դուրս եկել նրանց դիմավորելու»: «Ես ոչ դատավոր եմ, ոչ էլ դատախազ, իրավապահ մարմինները կգնահատեն կատարվածը», - պատասխանել է  Ադիբեկյանը, միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը վենդետայի երկիր է:

Սոցիոլոգը նաեւ նշել է, որ Տիգրան Խաչատրյանը սովորում է Կանադայում, իսկ դա նշանակում է, որ նա քաղաքակիրթ միջավայրում իրեն դրսեւորել գիտի, մինչդեռ հայրենիքում իրեն օրենքից վեր է զգում: Միաժամանակ Ադիբեկյանը կարծում է, որ չպետք է Սուրեն Խաչատրյանին որպես քրեական աշխարհի ներկայացուցիչ պիտակավորել: «Մենք՝ հայերս, սիրում ենք պիտակավորել այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային»:

Նման տեսակետին համամիտ չէ Քոչարյանը: «Ժողովուրդը պիտակավորում է միայն նրան, ով իսկապես իրեն որպես քրեական աշխարհի ներկայացուցիչ է պահում: Օրինակ, ինչո՞ւ ոչ ոք ոչինչ չի ասում Տավուշի մարզպետի կամ Կովալենկո Շահգալդյանի  մասին»:

Ի պատասխան այն հարցի, թե երկրի իշխանությունները կմաքրեն արդյոք Սյունիքի մարզը Լիսկայից եւ նրա նմաններից, Ադիբեկյանը նկատել է.  «Այդ ժամանակ երկրում ոչ ոք չի մնա: Ըստ սոցհարցումների՝ այնպիսի երկրորդ մարդ չկա, որին իշխանությունն այդքան վստահեր, որքան Սուրեն Խաչատրյանին»:

«Ամբողջ Հայաստանը պետք է մաքրել նման մարդկանցից: Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ տեսակետին, ապա ես համաձայն չեմ դրան, նորմալ մարդիկ պարզապես իրենց կորցրել են Լիսկայի նմանների շրջանում», - առարկել է Քոչարյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am