Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն, այսօր՝ հունիսի 5-ին, հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը, շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում առաքելություն սկսելու կապակցությամբ, կարեւորեց երկու երկրների միջեւ գոյություն ունեցող կապերը ինչպես ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ կապի եւ հեռահաղորդակցության բնագավառներում:
Նախարարը նշել է, որ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը սերտորեն համագործակցում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ընկերություն հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, ակտիվորեն մասնակցում է ընկերության գործունեության ընթացքում առաջացող խնդիրների լուծմանը եւ բնականոն աշխատանքների կազմակերպմանը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր հերթին կատարում է ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները:
Խոսելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հեռանկարների մասին՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ Հայաստանում գործում են ռուսական բջջային երկու օպերատորներ, որոնց աշխատանքի նկատմամբ նախարարությունը որեւէ դժգոհություն չունի:
Նորանշանակ դեսպանն իր հերթին կարեւորել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության համագործակցությունը Հայաստանի տիեզերական ծրագրի, այդ թվում՝ սեփական արբանյակի ստեղծման նախագծի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



























