Իրաքում, այսօր՝ հունիսի 7-ին, ականապատված մեքենայի պայթյունից հետեւանքով զոհվել է 5 իրանցի ուխտավոր, եւս 21-ը` վիրավորվել է, հաղորդում է «Ֆրանս Փրես»-ը՝ վկայակոչելով ոստիկանության հաղորդագրությունը:

Իրանցիները գնում էին Էն Նաջաֆ` շիաների սրբավայրեր այցելելու: Երբ նրանք անցել են Էլ Մուկդադիա քաղաքի սահմանը, նրանց ավտոբուսին է բախվել մի ավտոմեքենա, որի մեջ ռումբ է եղել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»:

Իրաքում մեծ լարվածության առկայությունը պայմանավորված է սուննիների եւ շիաների հակամարտությամբ: Սադամ Հուսեյնի իշխանության տարիներին սուննիները բարձր դիրքեր էին գրավում երկրի ենթակառուցվածքներում, սակայն ԱՄՆ-ի ներխուժումից եւ Սադամ Հուսեյնի տապալումից հետո իրավիճակը փոխվել է: Շիաները գրավել են մի շարք բարձր պաշտոններ, այդ թվում` վարչապետի պաշտոնը:

ՄԱԿ-ի տվյալներով` մայիսին կրոնական հողի վրա տեղի ունեցած բախումներից տուժել է ավելի քան 1000 մարդ: