Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում այսօր՝ հունիսի 7-ին, տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Պարգեւատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը, բուհերի ռեկտորներ, գիտության բանագավառի ներկայացուցիչներ: Շնորհավորելով երիտասարդ գիտնականներին` ՀՀ ԿԳ նախարարն իր ողջույնի խոսքում նշել է.
«Հայաստանի գիտական մտքի ապագան բաբախելու է ոչ միայն այսօր, այլեւ ի դեմս Ձեզ` ապագայում: Երիտասարդ գիտնական արտահայտության մեջ այսօր ավելի գերակա է երիտասարդության, քան գիտությանն կամ գիտնականի բաղադրիչը, թեեւ ես վստահ եմ, որ տարիների ընթացքում այդ հարաբերակցությունը կփոխվի` շնորհիվ ձեր աշխատասիրության, տաղանդի եւ համառ ջանքերի` ապահովելով գիտականության բաղադրիչի գերկայություն»: Նախարարը շեշտել է, որ ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող այս բացառիկ նախագիծը բացահայտում է երիտասարդ գիտնականների կարողությունները եւ ընձեռում ինքնակազմակերպման հնարավորություն. «Այս ծրագրի իրագործմամբ երիտասարդներն ապացուցեցին, որ իրենք կարող են ինքնակազմակերպվել, խնդիրներ լուծել, ինչպես նաեւ կուռ եւ համախմբված գործունեություն ծավալել»,- իր խոսքում նշել է նախարարը: Ա. Աշոտյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի կողմից ՀՀ կրթության եւ գիտություն նախարարությունը հանձնարակական է ստացել 2014 թվականի բյուջեի նախագծում միջոցներ գտնել այս ծրագրի ֆինանսավորումն ավելացնելու համար: «2014 թվականի բյուջեի նախագծում ներառված կլինի 150 մլն դրամ հավելյալ գումար` երիտասարդ գիտնակնների աջակցությոն ծրագրի համար: Շարունակեք աշխատել նույն ոգեւորությամբ եւ հետեւողական ջանասիրությամբ»,- կոչ է արել Ա. Աշոտյանը: Երիտասարդ գիտնականներին շնորհավորել է նաեւ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը եւ շեշտել, որ երիտասարդ գիտնականների կատարած աշխատանքը խրախուսելի է. «Մեր գիտական ինստիտուներում կա երիտասարդ գիտնականների երկու խավ` ակտիվ կազմակերպիչներ եւ ակտիվ գիտական աշխատողներ: Կցանկանայի, որ ակտիվ գիտաշխատողների ներգրավման ցուցանիշը այս նախաձեռնության մեջ բարձրանար»: Միջոցառման ավարտին երիտասարդ գիտնականների մրցութի հաղթողները ՀՀ ԿԳ նախարարի եւ ԳԱԱ նախագահի կողմից ստացել են պատվոգրեր եւ դրամական մրցանակներ:
Երիտասարդ գիտնականների մրցույթին մասնակցել է մինչեւ 35 տարեկան 112 գիտնական: Մրցույթն անցկացվել է 11 անվանակարգերում` առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: Մրցութային 4 անվանակարգերում մրցանակային երրորդ տեղերը թափուր են մնացել` մրցույթին ներկայացված աշխատանքների սահմանված նվազագույն չափանիշներին չհամապատասխանելու համար:




























