Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն, «ԲԻԱ էսֆերա» ընկերության աջակցությամբ, հունիսի 6-ից 7-ը Մոսկվայի կառավարության տանը մասնակցել է տեղեկատվական անվտանգության եւ տեղեկատվական փոխգործակցության «Ինֆոֆորում-Եվրասիա/ՍԻԹԻ» 9-րդ համաժողովին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե համաժողովի շրջանակում կազմակերպված «Խելացի եւ ապահով քաղաք» (Smart & secure city) ցուցահանդեսում երեւանյան պատվիրակությունը ներկայացրել է «Քաղաքային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների բազմաֆունկցիոնալ համակարգի» միասնական լուծումը:
Համաժողովին եւ ցուցահանդեսին մասնակցել են պատվիրակություններ ՌԴ 83 սուբյեկտներից, ինչպես նաեւ ԱՊՀ եւ Եվրասիական տարածաշրջանից հրավիրված այլ երկրներից:
Երեւանի տաղավարում ներկայացված նախագիծը մեծապես հետաքրքրել է մասնակիցներին:
Համաժողովի ընթացքում քննարկվել են ներկայացված նախագիծն այլ քաղաքներում ներդնելուեւ հնարավոր համագործակցության հարցեր:
Նշենք, որ նման միջոցառումներին Երեւանի մասնակցությունը կնպաստի նաեւ քաղաքի վարկանիշի բարձրացմանը:
Համաժողովի ավարտին երեւանյան պատվիրակության անդամները պարգեւատրվել են դիպլոմներով:


























