Իրանում նախագահական մրցավազքին մասնակցողների ցանկից հնարավոր է դուրս մնա կենտրոնամետ աստվածաբան Հասան Ռոուհանին, ով, իբր, հեռուստաբանավեճերից մեկի ժամանակ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գաղտնի տեղեկություն է բացահայտել: Այս մասին գրում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրը:

Ըստ Mehr-ի, Իրանի սահմանադրակության պահապանների խորհուրդն, այսօր՝ հունիսի 10-ին, կքննարկի Ռոուհանիին նախագահական մրցավազքից դուրս թողնելու հարցը:

Միաժամանակ, Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հայտնել է, որ պահապանների խորհուրդը հերքել է այդ տեղեկությունը:

Հեռուստաբանավեճերի ընթացքում, հունիսի 7-ին Ռոուհանին քննադատել է Իրանի միջուկային ներկա քաղաքականությունը, որն, ըստ նրա, հանգեցրել է տնտեսական պատժամիջոցների: Բացի այդ, Ռոուհանիի կողմնակիցները հունիսին երկու հանրահավաք են անցկացրել Թեհրանում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, գրում է Lenta.ru-ն: