Իրանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել Հայստանին գազ ներկրելու հարցում: Այս մասին հունիսի 11-ին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մուհամեդ Ռեիսին` պատասխանելով այն հարցին, թե ռուսական գազի գների թանկացման համատեքստում հնարավո՞ր է արդյոք մեծացնել Հայաստան ներկրվող իրանական գազի քանակը:
Իրանցի դիվանագետը նշել է, որ Հայաստանը պետք է որոշի՝ օգտագործե՞լ իրանական գազը որպես այլընտրանք, թե` ոչ: Միաժամանակ դիվանագետը հիշեցրել է, որ գազի խողովակաշարի կառուցման եւ Հայաստան գազ ներկրելու համաձայնությունը կնքվել է հետեւյալ նախապայմանով` գազը էլեկտրաէներգիայի դիմաց: Նա նաեւ ընդգծեց, որ Իրանն առանձնապես էլեկտրաէներգիայի կարիք չունի, դեռ ինքն է արտահանում, իսկ վերը նշված համաձայնագրի նպատակը հայկական կողմին աջակցություն ցույց տալն է եղել: «Իրանը հավատարիմ է այդ համաձայնագրին», -ասել է դեսպանը` ավելացնելով, որ Իրանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում օգնել Հայաստանին:




























