Իրանը տեխնիկական եւ իրավական տեսանկյունից միջուկային ծրագրի իրականացման առումով խնդիր չունի: Սակայն եթե հարցին նայենք իրավական տեսանկյունից, խնդիրն անլուծելի է: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, հայ լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ռեիսին:
«Ոչ մի երկիր ԱԷՄԳ-ի առաջ իր միջուկային օբյեկտների դռներն այնպես չի բացել, ինչպես Իրանը», - ընդգծել է դեսպանը՝ հիշեցնելով, որ միջուկային զենքը չտարածելու պայմանագրի շրջանակներում Իրանն ակտիվորեն համագործակցում է ԱԷՄԳ-ի հետ: «Սակայն հակաիրանական քարոզչությունը շատ մեծ է», - հայտնել է իրանցի դիվանագետը:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանը կտրականապես դեմ է միջուկային զենքի կիրառմանը: «Մենք առաջին երկիրն ենք, որը ՄԱԿ-ի ԱԽ-ում հայտարարել էր, որ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը պետք է ազատվի միջուկային զենքից: Մենք կարծում ենք, որ աշխարհն ընդհանրապես պետք է զերծ լինի միջուկային զենքից: Այժմ մեզ պահանջներ են ներկայացնում այն կիրառողները», - նկատել է դեսպանը, միաժամանակ հարցադրում կատարելով՝ ո՞վ է զինում միջազգային ահաբեկիչներին: Մուհամադ Ռեիսին նաեւ հիշեցրել է, որ Իրանի հոգեւոր առաջնորդը հայտնել էր միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին, եւ ըստ Իրանի օրենքների՝ հոգեւոր առաջնորդի վճիռը խախտման ենթակա չէ:
«Միջուկային ծրագրի վերաբերյալ խոսակցությունները պատրվակ են: Մենք ցանկացանք անկախություն, ցանկացանք իրացնել մեր ազատ ապրելու իրավունքը: Նրանք գրանտներ են տալիս օգնության անվան տակ, իսկ հետո միջամտում են երկրի ներքին գործերին», - նշել է դեսպանը: Ըստ նրա՝ Իրանի ժողովուրդը միջուկային զենքի ծրագիրն իր իրավունքն է համարում, եւ միեւնույն ժամանակ թույլ չի տա միջուկային զենքի ստեղծում:




























