Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին ղեկավար, ներկայումս նախագահի թեկնածու Հասան Ռոուհանիի կողմնակիցները Թեհրանում դուրս են ելել ակցիայի՝ ի պաշտպանություն Ռոուհանիի:

Մոտ 100 մարդ հավաքվել է Քարիմհան փողոցում, Ռոուհանիի նախընտրական շտաբի դիմաց եւ փակել փողոցը: Երիտասարդների ձեռքին եղել են բարեփոխիչների թիմի թեկնածուի՝ Ռոուհանիի նկարով պաստառներ: Նրանք հնչեցրել են հակակոռուպցիոն բնույթի կարգախոսներ. «Մաքուր» Իրանի բանալին «մաքուր» մարդկանց ձեռքում է»:

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրությունները կայանալու են հունիսի 14-ին: Իրանի նախագահի թեկնածու, ռեֆորմիստների շարժման ներկայացուցիչ, այժմ՝ փոխնախագահ Մուհամեդ Ռեզա Արեֆը հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին։

Նրա խոսքով՝ թեկնածությունը հանել է, երբ այդ մասին իրեն խնդրել է ռեֆորմիստների առաջնորդներից Մուհամեդ Խաթամին, հայտնում է Reuters-ը։ Դեռ հայտնի չէ՝ արդյոք Արեֆը կսատարի որեւէ մեկին, թե ոչ։

Ավելի վաղ ռեֆորմիստները քննարկում էին այն տարբերակը, ըստ որի՝ Արեֆն իր թեկնածությունը կհանի՝ հօգուտ Հասան Ռուուհանիի։

Հունիսի 10-ին հայտնի էր դարձել, որ իր թեկնածությունը հանել է նաեւ խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Հադադ Ադելը, որը իրանական այաթոլլահ Ալի Խամենեիի մտերիմն է։