Չինաստանի ու ԱՄՆ-ի անունները թերթերի վերնագրերում են, երբ խոսվում է հաքերային գրոհների մասին, սակայն «Կասպերսկու լաբորատորիայի» անցկացված  հետազոտությունների արդյունքներով` զարգացող երկրներն ավելի խոցելի են հաքերային գրոհների տեսակետից, հաղորդում է  «Bloomberg»-ը:

Կիբերհանցագործները սովորաբար գնում են այնտեղ, որտեղ պաշտպանվածությունն  ավելի թույլ է: Զարգացող երկրները նման հնարավորություն ընձեռում են, քանի որ ամեն տարի հայտնվում են միլիոնավոր օգտատերեր եւ ավելի քիչ ռեսուրսներ են դրվում անվտանգության համար:

«Կասպերսկու լաբորատորիայի» ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը` համակարգչային գրոհների ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրների թվում: Ըստ ընկերության` օգտատերերի 56 տոկոսը  բախվել է օնլայն գրոհների հետ: «Internet World Stats»-ի տվյալներով` Հայաստանի բնակչության մոտ 61 տոկոսը կամ մոտ 1,8 մլն մարդ անցած տարի օգտվել են համացանցից:

Ցուցակում երրորդ տեղն է զբաղեցնում Ադրբեջանը: Այստեղ համացանցից օգտվողների 57 տոկոսն է ենթարկվել գրոհի:

Ցուցակը գլխավորում է  Ռուսաստանը. այստեղ համացանցային օգտատատերի  59 տոկոսն է դարձել օնլայն գրոհների զոհ:  «Internet World Stats»-ի տվյալներով Ռուսաստանում համացանցից օգտվում է բնակչության 48 տոկոսը կամ  68 մլն մարդ: