Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պնդում է, որ ինքը ճիշտ է ասել եւ չի ստել պատգամավորներին Իրանից ներկրվող գազի գնի հետ կապված: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, Ազգային ժողովում, Ալեքսանդր Արզումանյանի հարցին ի պատասխան,  ասաց Արմեն Մովսիսյանը:

«Իրանի գազատարն ունի 700մմ տրամագիծ, կոմպրեսորային կայանը թույլ է տալիս 36 մթնոլորտ ճնշում: Հաշվարկի խնդիր է, թե ինչքան գազ կարելի է բերել: Նա թույլ է տալիս բերել 2.3-2.4 մլրդ խմ գազ: Մեր ներքին պահանջարկը 2 մլրդ խմ գազից չի անցնում: Հնարավորություն կա լրացուցիչ կոմպրեսորային կայան դնելու եւ գազի ծավալը հասցնելու մինչեւ 3 մլրդ: Սա զուտ հաշվարկի խնդիր է, որեւիցե դեսպան, որեւիցե այլ մարդ չի կարող դա փոխի, որովհետեւ սա փաստ է»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե Իրանը մեզ գազ է մատակարարում շատ ավելի բարձր գնով, եւ այդ գինն աճելու է, եւ երկրորդը՝ այդ խողովակաշարը, որը գազ է մատակարարում Հայաստանին, լիովին բավարարում է կարիքները բավարարելու համար: Դրանից հետո Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանին գազ ներկրելու հարցում, սակայն Հայաստանը պետք է որոշի՝ օգտագործե՞լ իրանական գազը որպես այլընտրանք, թե` ոչ: Նա նաեւ նշել էր, որ ցավոք սրտի, այն ժամանակ, երբ մենք կառուցում էինք հայ-իրանական խողովակաշարը, որոշվեց տրամագիծը լինի ոչ մեծ, որը հնարավորություն չի տալիս ավելի մեծ ծավալով գազ մատակարարել: Ալեքսանդր Արզումանյանը հարցնում է նախարարին` «դուք պնդո՞ւմ եք ձեր ասածը, եթե այո, ինչո՞ւ է ստում Իրանի դեսպանը, եթե ոչ, ինչո՞ւ եք դուք մեզ թյուրիմացության մեջ գցել»: