Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) բացվել է «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան, որի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության եւ էկոնոմիկայի նախարարներ Արմեն Աշոտյանն ու Վահրամ Ավանեսյանը,  Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Քրիստեր Միխելսոնը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ պետական եւ մասնավոր հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր:

ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) մամուլի ծառայությունից հայտնում են, որ mLab ECA լաբորատորիան, որի նպատակն է խթանել շարժական կապին վերաբերվող նորարարությունը եւ ապահովել տարածաշրջանների կայուն զարգացումը, իրականացվում է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ֆինլանդիայի կառավարության եւ Nokia ընկերության աջակցությամբ:

mLab-ի աջակցությամբ արդեն իսկ ձեւավորվել են ավելի քան 20 թիմեր/սկսնակ ընկերություններ, ստեղծվել են ավելի քան 70 մոբայլ աշխատածրագրեր՝ ներգրավելով շուրջ 100.000 ԱՄՆ դոլար ներդրում, որոնք տեղադրվել են Android, iOS եւ Windows Phone առցանց հարթակներում:

Շրջելով լաբորատորիայի լսարաններում` ՀՀ վարչապետը ծանոթացել է ՀՊՃՀ ուսանողների եւ երիտասարդ ճարտարագետ-ծրագրավորողների, դիզայներների նորարարական նախագծերին ու գաղափարներին, որոնք ներկայացվել են տարբեր միջոցառումների, մրցույթների եւ արժանացել մրցանակների:

Օրինակ, Papplesoft թիմի անդամ, ՀՊՃՀ 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Հայրապետյանը ներկայացրել է պլանշետների համար մշակված «Paint the music» («Նկարիր երաժշտություն») հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում մարդկանց նկարչության միջոցով ստեղծագործել տարբեր ոճերի երաժշտություն։ Նկարած պատկերը վեր է ածվում երաժշտության։

Letsein թիմի անդամները վարչապետի ուշադրությունը հրավիրել են իրենց մշակած հայերեն տպելու ծրագրի վրա: «Այսօր համացանցում շատ քիչ են հայալեզու հոդվածները (մոտ 45900), իսկ, օրինակ, ադրբեջանալեզու հոդվածների քանակը մոտ 96000 է՝ երկու անգամ շատ, սոցիալական ցանցերում հաճախ օգտատերերը միմյանց հաղորդագրություն են ուղարկում` օգտագործելով լատինատառ այբուբենը: Մենք որոշեցինք ստեղծել մի նախագիծ Armenian Speed Typer անվանմամբ, որի միջոցով մարդիկ կարող են սովորել տպել ճիշտ, ստանդարտ ստեղնաշարով եւ կարող են գերազանցել տպելու արագությունը։ Այս ծրագիրը օգտակար է ինչպես ուսանողների, դպրոցականների, այնպես էլ սփյուռքահայերի համար»,-ասել է Letsein թիմի անդամ, ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոնի մագիստրանտ Ժաննա Գրիգորյանը:

Ի դեպ, ՀՊՃՀ 10-րդ մասնաշենքի 5-րդ հարկում տեղակայված mLab ECA լաբորատորիան հնարավորություն կտա ոչ միայն մասնագիտական ուսուցում կազմակերպել Պոլիտեխնիկի ուսանողների համար, այլեւ Հայաստանի մյուս բուհերի եւ մասնավոր սեկտորի կազմակերպությունների աշխատակիցների համար: