Իրանի ամբողջ տարածքում հունիսի 14-ին, տեղի ժամանակով ժամը 08:00-ին (07:30՝ Երեւանի ժամանակով) բացվել են մոտ 60 հազար ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի տեղի ժամանակով ժամը 18։00-ին, դրան կարող են մասնակցել ձայնի իրավունք ունեցող 50,5 իրանցիներ։
Քվեարկության հնարավորություն կունենան նաեւ աշխարհրի 96 երկրներում բնակվող ԻԻՀ քաղաքացիները. տարբեր երկրներում կբացվեն 290 ընտրատեղամասեր։
Մասնակցում են վեց թեկնածուներ։ Նրանցից չորսը պահպանողականների ճամբարից են։ Երկուսը չափավոր կենտրոնամետ են։ Բարեփոխականների ճամբարն առանց թեկնածուի էր մնացել, երբ միակ թեկնածու 61-ամյա Մոհամադ Ռեզա Արեֆը անել էր թեկնածությունը։
Ըստ տեղի դիտորդների գնահատման՝ նախագահական մրցապայքարի ապագա հաղթողը պահպանողական թեկնածուների շարքից է։ Այստեղ պետք է առանձնացնել երկու առաջատար՝ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթիին եւ Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Պահպանողական մյուս երկու թեկնածուները հաղթանակի այնքան էլ մեծ հնարավորություն չունեն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար 58-ամյա Մոհսեն Ռեզային նախկինում արդեն երկու անգամ դրել էր իր թեկնածությունը՝ 2005 եւ 2009թթ.։ 51-ամյա Մոհամադ Բագեր Գալիբաֆը 8 տարվա ընթացքում եղել է Թեհրանի քաղաքապետ եւ այդ պատճառով էլ շատ սիրված է մայրաքաղաքի ընտրազանգվածի շրջանում։
Մինչ վերջին օրերը նախագահական մրցապայքարին մասնակցում էր նաեւ պահպանողականների եւս մեկ ներկայացուցիչ՝ խորհրդարանի 68-ամյա նախկին խոսնակ Գոլյամ Ալի Հադադ Ադելը։ Նրա դուստրն ամուսնացած է այաթոլլահ Ալի Խամենեիի որդիներից մեկի հետ։ Սակայն նա շաբաթվա սկզբում հանել էր իր թեկնածությունը։




























