Իրանում նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է 3 թեկնածուների միջեւ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը:
Ըստ նրա` Իրանում նախագահական ընտրությունների ընդհանուր մթնոլորտը հանգիստ է եւ մասնակցության մակարդակը բավականին բարձր է: «Ենթադրգվում է, որ երկրորդ փուլ տեղի կունենա, սակայն դրա մասին դեռեւս վաղ է հստակ որեւէ բան ասել: Սովորաբար Իրանում համապետական ընտրությունների վերջին ժամերին մարդիկ ավելի ակտիվ են լինում»,-նշել է հայ պատգամավորը, ընդգծելով, որ առայժմ մի փոքր բարդ է կանխատեսել ընտրությունների արդյունքները:
Կարեն Խանլարյանի կարծիքով, առավել բարձր հնարավորություններ ունեցող թեկնածուները Թեհրանի գործող քաղաքապետ Մոհամմադ Բահեր Գալիբաֆն է` պահպանողական ուժերի ներկայացուցիչ, Հասան Ռոուհանին` չափավոր ուժերի ներկայացուցիչ, Սաիդ Ջալալին` պահպանողականների արմատական թեւի ներկայացուցիչ: «Հիմնական մրցակցությունը այս երեք թեկնածուների միջեւ է ընթանում, սակայն չեմ կարող ասել, թե նրանցից ով կհաղթի»,-ամփոփել է նա:
Հիշեցնենք, քր հունիսի 14-ին Իրանում ընթանում են նախագահական ընտրություններ: Իրանցիները պետք է նախագահ ընտրեն 6 թեկնածուներից: Քվեարկությունն արդեն ավարտին է մոտենում:




























