Ըստ նախնական տվյալների` Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը ռեֆորմատորների թեկնածու, Իրանի միջուկային ծրագրի հարցով «վեցյակի» հետ նախկին բանակցող Հասան Ռոուհանին է:
Ներկայումս հաշվվել է 826 հազար ձայն: 402 հազար ընտրողներ իրենց ձայնը տվել են Ռոուհանիին: Երկրորդ տեղում է Թեհրանի պահպանողական քաղաքապետ Մուհամադ Գալիբաֆը` 127 հազար ձայնով, հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են վեց թեկնածուներ. Ռեֆորմատորների թեւի ներկայացուցիչ, Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոուհանին, չորս պահպանողականներ` նախկին արտգործնախարար Ալիաքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մուհամադ Գալիբաֆը, «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, ԱԱԳԽ-ի քարտուղար Սայիդ Ջալիլին եւ մեկ անկախ թեկնածու` փոստի եւ հեռագրության նախկին նախարար Սեյեդ Մոհամադ Կարազին:
Շուրջ 60 հազար ընտրատեղամաս էր հունիսի 14-ին բացվել Իրանում ` Իսլամական Հանրապետության 11-րդ նախագահական ընտրությունների քվեարկության համար: Իրանի 75 միլիոն բնակիչներից ընտրություներին կարող էին մասնակել 50,5 միլիոնը: Մասնակցության մեծ տոկոսի պատճառով քվեարկության ժամանակը երեք անգամ երկարացրել են:




























