Facebook-ը եւ Microsoft-ը հրապարակել են հատուկ ծառայություններից ստացված հարցումների մասին տեղեկատվությունը՝ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների հետ ծագած սկանդալի հետ կապված։

Facebook-ից տեղեկացրել են, որ 2012թ. երկրորդ կեսին տարբեր գերատեսչություններից  9-10 հազար հարցումներ են ստացել՝ 18-19 հազար օգտատերերին առնչվող։ Microsoft-ը հայտնել է, որ այդ նույն ընթացքում 6-7 հազար հարցում է ստացել՝ 31-32 հազար օգտատերերին մասին։   Reuters-ը հայտնում է, որ ընկերությունները հրապարակել են տվյալները՝ ամերիկյան հատուկ ծառայությունների թույլտվությամբ, գրում է lenta.ru-ն։

Facebook-ի հաղորդագրությունում նշվում է, որ հարցումների մի մասը վերաբերում էր քրեական գործերին՝ սպանության, կորած երեխաների եւ փախած բանտարկյալների որոնմանն ու, ամենակարեւորը՝ահաբեկչության կազմակերպմանն առնչվող։ 

Facebook-ը որպես մխիթարություն նշում է, որ 1,1 միլիարդ օգտատերերի պարագայում 20 հազարը «չնչին տոկոս է», հայտնում է ՆՏՎ-ն։

Հիշեցնենք, Facebook-ը եւ Microsoft-ը, ի թիվս այլ ընկերությունների, հունիսի սկզբին հայտնվել էին սկանդալի կիզակետում։ The Washington Post-ը գրել էր, որ ԱՄՆ ԱԱԳ-ն եւ ՀԴԲ-ն ուղղակի հասանելիություն ունեն այդ ընկերությունների սերվերներին եւ կարող են ցանկացած տեղեկատվություն ստանալ։ 

Facebook-ը եւ Microsoft-ը հերքել էին այդ տեղեկատվությունը։