Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոուհանին, երկրի նախագահական ընտրություններում արդեն հաղթահարել է 50 տոկոսի շեմը, հետեւաբար, երկրորդ փուլի անհրաժեշտություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նախագահական ընտրությունների նախնական տվյալներով՝ առաջին տեղում բարեփոխական Ռոուհանին է: «Ստանալով բարեփոխականների, ինչպես նաեւ նախկին նախագահներ Ռաֆսանջանիի եւ Խաթամիի աջակցությունը, Ռոուհանին, ի տարբերություն Մոհամադբաքեր Քալիբաֆի եւ Ալիաքբար Վելայաթիի, որոնք ներկայացնում են պահպանողականների թեւը, առավել ձեռնտու դիրքերում է հայտնվել»,-նշեց իրանագետը:
Նրա խոսքով՝ նախքան ընտրությունների սկիզբը, ըստ հեղինակավոր կազմակերպությունների սոցհարցումների, մեծ էր երկրորդ փուլի հավանականությունը, սակայն դատելով ներկա տվյալներից, Ռոուհանին զգալի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող, Թեհրանի քաղաքապետ Քալիբաֆի նկատմամբ (նրանց ձայների հարաբերակցությունը՝ 6 մլն եւ 1,5 մլն):
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են վեց թեկնածուներ. Ռեֆորմատորների թեւի ներկայացուցիչ, Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոուհանին, չորս պահպանողականներ` նախկին արտգործնախարար Ալիաքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մուհամադ Գալիբաֆը, «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, ԱԱԳԽ-ի քարտուղար Սայիդ Ջալիլին եւ մեկ անկախ թեկնածու` փոստի եւ հեռագրության նախկին նախարար Սեյեդ Մոհամադ Կարազին:




























