Իրանի նախագահական ընտրությունների ավելի քան 16 մլն քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում առաջատարը բարեփոխականների թեւը ներկայացնող երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոուհանին է: Նրա օգտին քվեարկել է 8 մլն 439 հազար 530 ընտրող (52,2 տոկոս): Երկրորդ տեղում պահպանողական թեւը ներկայացնող, Թեհրանի քաղաքապետ Մոհամադբաքիր Քալիբաֆն է, ում օգտին քվեարկել է 2 մլն 560 հազար 383 ընտրող (15,8 տոկոս): Առաջատարների եռյակը եզրափակում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, ով ստացել է 2 մլն 101 հազար 330 ձայն (13 տոկոս):
Իրանի ՆԳՆ-ն հաղորդում է, որ ձայների հաշվարկը շարունակվում է նահանգներում եւ վերջնական արդյունքները կհայտարարվեն օրվա երկրորդ կեսին, երեկոյան կողմ: Իրանցի վերլուծաբանների կարծիքով՝ քվեարկության արդյունքների ընդհանուր պատկերը շատ չի փոխվի:




























