Իրանի նախագահական ընտրություններում բարեփոխիչ Հասան Ռոուհանիի հաղթանակն անսպասելի չի կարելի համարել: Այս մասին NEWS.am-ին ասաց Իրանի հարցերով փորձագետ Ռուդիկ Յարալյանը:
Նրա խոսքով` իրենց նախընտրական արշավի ժամանակ բարեփոխիչներն ավելի գրագետ եւ ճիշտ քարոզչություն էին իրականացնում, քան պահպանողականները. «Վերջիններն անգամ համաձայնությոն չկարողացան գալ միասնական թեկնածուի առաջադրման հարցում»,- նշեց փորձագետը:
Նա նաեւ ընդգծեց, որ պնդումները, թե բարեփոխիչների իշխանության գալուց հետո Իրանի արտաքին քաղաքականության մեջ «հեղափոխություն» տեղի կունենա, զուրկ են բոլոր հիմքից: «Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ բարեփոխիչները եղել են իշխանության 1997-2005թթ-ին, եւ ինչպես իրանական հանրությունը, այնպես էլ ողջ աշխարհը ծանոթ են նրանց կառավարմանը: Կարծում եմ, պետք չէ արամատական փոփոխություն ականկալել Իրանի արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ»,-հայտարեց Ռ. Յարալյանը:
Նշենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 14-ին: Շուրջ 16 մլն քվեների հաշվարկի արդյունքում առաջատարը բարեփոխիչ, Անվտանգության բարձրագույն ազգային խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոուհանին է:




























