Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ ուղիղ բանակցությունների միջուկային ծրագրի վերաբերյալ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին` մեկնաբանելով Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոուհանի ընտրությունը:
«ԱՄՆ-ը պատրաստ է ուղիղ դիմել Իրանի կառավարությանը` դիվանագիտական լուծման հասնելու համար, որը լիովին կպատասխանի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված միջազգային հանրության անհանգստությանը»,-ասել է Քարնին: Նրա խոսքով, ԱՄՆ –ն հարգում է իրանական ժողովրդի ընտրությունը, թեեւ ընտրություններն ազնիվ չէին: «Երեկվա ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության, ԶԼՄ-ների եւ համացանքի գրաքննության, հատուկ ծառայությունների ճնշման համապատկերում, ինչը սահմանափակել է ազատ կամքի արտահայտությունը»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:
Նշենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 14-ին: Շուրջ 16 մլն քվեների հաշվարկի արդյունքում առաջատարը բարեփոխիչ, Անվտանգության բարձրագույն ազգային խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոուհանին է:




























