Արտագաղթը Հայաստանից հետեւանք է, դա հստակ հանցավոր քաղաքականություն է` ուղղված երկրի բնակչության կրճատմանը, որը սկսվել է 90-ական թվականներից: Այս մասին հունիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, հասարակական գործիչ Լարիսա Ալավերդյանը:

«Հարկավոր է խոստովանել, որ Հայաստանից արտագաղթ իսկապես տեղի է ունենում: Այս մասին վկայում են նաեւ ՄԱԿ-ի տվյալները, որոնց համաձայն 1մլն 200 հազար մարդ այսօրվա դրությամբ Հայաստանի բնակիչ չեն, թեեւ հաշվարկվում են որպես այդպիսին»,-ընդգծել է Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով` Զարգացման եվրասիական բանկի հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր մասնագիացվածությամբ արտագաղթողների թվում առաջին հորիզոնականում է Էստոնիան` 11.5 տոկոս, երկրորդում Հայաստանն է` 9 տոկոս, ապա հետեւում են Լատվիան եւ Լիտվան: «Դա նշանակում է, որ Հայաստանից ուղեղների արտահոսք է տեղի ունենում: Դա հանգեցնում է մեր հասարակության ոչ միայն քանակական, այլեւ որակական կազմի փոփոխության: Արտագաղթում են նաեւ այն մարդիկ, ովքեր կայացել են բիզնեսում»,-ընդգծել է Ալավերդյանը:

Խոսելով արտագաղթի կանխման երաշխիքների մասին, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է քաղաքական իշխանության բոլոր թեւերը եւ քաղաքացիական հասարակությանը հասկացող եւ գիտակցող գործչի առկայություն. «Համոզված եմ, որ Հայաստանում մնացած մարդկանց թվում կան այնպիսիք, ովքեր ի վիճակի են մեր երկրում կարգ ու կանոն հաստատել»: