Իրանի հեռացող նախագահ Մահմուդ Ահմանինեժադին կանչել են քրեական դատարան՝ երկրի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հայցի հիման վրա: Այս մասին ասվում է Իրանի կառավարության կայքում այսօր՝ հունիսի 17-ին, հրապարակված հաղորդագրության մեջ: Մեղադրանքը, որի հիման վրա նախագահին հրավիրել են դատարան, չի նշվում:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որին վկայակոչում է «Ինտեևրֆաքսը», Ահմադինեժադը դատարան պետք է ներկայանա այս տարվա նոյեմբերի 26-ին: Դատարան կանչելու պատճառ կարող է լինել նախագահի եւ խորհրդարանի խոսնակի միջեւ հարաբերությունների վատթարացումը:

Հաղորդվում է, որ երկրի կառավարության եւ խորհրդարանի միջեւ հարաբերությունները կտրուկ վատացել են Ահմադինեժադի նախագահության վերջին տարում եւ անգամ վերաճել հակամարտության: Փետրվարին Իրանի նախագահը խիստ քննադատության ենթարկեց խորհրդարանի խոսնակ Լարիջանիի ընտանիքը՝ նրան եւ նրա ընտանիքին մեղադրելով կոռուպցիայի մեջ: Ի պատասխան այդ հայտարարության, կալանավորվեց Ահմադինեժադի մտերիմ զինակից, նախկին գլխավոր դատախազ Սայեդ Մորթազին: