Իրանը չի բացառում ԱՄՆ հետ ուղիղ երկխոսությունը, սակայն միայն ԱՄՆ-ի կողմից համապատասխան նախապայմանների իրականացման դեպքում: Դա կարող է նպաստել երկրների միջեւ փոխադարձ վստահության ստեղծմանը: Այս մասին հունիսի 17-ին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին:

Պատասխանելով NBC-ի լրագրողի հարցին` Իրանի նոր նախագահը ասել է, որ «երկխոսությունը հնարավոր է միայն համապատասխան պայմանները պահպանելու դեպքում»:

«Հարկավոր է հիշել, որ կան որոշակի նախապայմաններ, որոնց պահպանման պարագայում կարող է տեղի ունենալ երկխոսությունը: Առաջին հերթին ենթադրվում է ԻԻՀ ներքին գործերին չմիջամտել, երկրորդ` ԱՄՆ-ի կողմից Թեհրանի` խաղաղ ատոմ ունենալու իրավունքի ճանաչումն է: Այս պայմանները հաշվի առնելու դեպքում կստեղծվի բարենպաստ հող` հնարավոր երկխոսությունը կյանքի կոչելու համար»,-ասել է Ռոուհանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: