Իսրայելական զինվորները ծրագրել էին գործողություն իրականացնել Հորդանան գետի արեւմտյան ափին, որի նպատակն էր հայտնաբերել եւ ձերբակալել ապօրինի խմբավորումների անդամներին: Սակայն գործողությունից քիչ առաջ մասնակիցներից մեկը թարմացրել է կարգավիճակը Facebook-ի իր էջում՝ նշելով գործողության տեղն ու ժամը: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, զինծառայողները ստիպված են եղել չեղյալ հայտարարել ծրագրված հատուկ գործողությունը պաղեստինյան տարածքում: «Չորեքշաբթի մենք կմաքրենք Կատանախը եւ հինգշաբթի, տա Աստված, վերադառնանք տուն»,- գրել էր զինծառայողը:
Նշենք, որ Կատանախը փոքրիկ գյուղ է Պաղեստինյան Ինքնավարության մայրաքաղաք Ռամալլայի մերձակայքում: Զինվորը նաեւ այլ գաղտնի տեղեկություններ է հաղորդել՝ ռազմական ստորաբաժանման անվանումը, կոնկրետ տեղն ու ժամանակը: Զինծառայողի քայլի մասին ղեկավարությունն իմացել է նրա ընկերներից, որոնք շտապել են հայտնել տեղի ունեցածի մասին:
Արդյունքում անզգույշ զինվորը հեռացվել է բանակից:
Հիշեցնենք, որ դա առաջին դեպքը չէ: 2008թ. մի զինվորի դատապարտել էին 19 օրվա ազատազրկման՝ ռազմաբազաներից մեկում արված լուսանկարները ցանցում տեղադրելու համար:



























