Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Աբաս Արաքչին հերքել է շատ լրատվամիջոցներով տարածված այն լուրը, ըստ որի իրանական իշխանությունները մտադիր են 4 հազար հոգանոց զորք ուղարկել Սիրիայի կառավարական զորքերին օգնության:
«Մենք ամբողջովին հերքում ենք տվյալ տեղեկատվությունը: Առավել եւս, որ կառավարական զորքերն ունեն Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչների դեմ պայքարելու բոլոր միջոցները: Ուստի Իրանի կողմից սիրիական իշխանություններին օգնություն ցուցաբերելու ոչ մի անհրաժեշտություն չկա», - Արաքչիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Բրիտանական «Independent» թերթի աղբյուրի համաձայն՝ իրանական իշխանություններն իբր Սիրիա 4 հազար հոգանոց զորք ուղարկելու որոշում էին կայացրել: Տվյալ չճշտված տեղեկատվությունը լայն տարածում էր գտել արեւմտյան եւ ռուսական մամուլում:




























