Նախագահական ընտրությունների արդյունքներով Իրանն անակնկալ մատուցեց միջազգային հանրությանը, քանի որ հաղթող Հասան Ռոուհանին, ըստ նախնական հարցումների, ֆավորիտ-թեկնածուների թվում չէր: Այս մասին հունիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով` Իրանում, ինչպես բարեփոխական, այնպես էլ կոնսերվատիվ ուժերը, որպես կանոն, դուրս չեն գալիս հոգեւոր առաջնորդ Ալի Համենեիի գծած արտաքին քաղաքականության շրջանակներից: Բնականաբար, այս տեսանկյունից, Հասան Ռոուհանին բացառություն չի հանդիսանում: «Ռոուհանիի հաղթանակի հարցում որոշիչ դեր խաղաց կանանց եւ երիտասարդների բավականին ակտիվ քվեարկությունը: Կարեւոր նշանակություն ունեցավ նաեւ նախկին նախագահներ Հաթամիի եւ Ռաֆսանջանիի աջակցությունը»,-ընդգծել է Վարդան Ոսկանյանը:
Ինչ վերաբերում է Իրանի արտաքի քաղաքականությանը, փորձագետը ընդգծել է, որ իրանցիները շատ կարեւոր քայլ են արել: «Նախ` միջազգային հարթակում բավականին աճել է երկրի վարկանիշը, երկրորդ` իրանական պետությունը ցույց տվեց, որ կարող է կազմակերպել թափանցկ եւ արդար ընտրություններ, բնականաբար, Իրանի Սահմանադրության շրջանակներում»,-ասել է Ոսկանյանը, հավելելով, որ երկրի հեղինակությունը բարձրացել է նաեւ իսլամական պետությունների շրջանում` կապված արաբական պետություններում եւ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից հետ:
Փորձագետի համոզմամբ` չնայած զանազան հոռետեսական կանխատեսումների, իրականում Իրանը հաղթահարել է բոլոր ճգնաժամային փուլերը: «Թուրքիայում վատագույն սցենարի զարգացման դեպքում Իրանը կլինի Մերձավոր Արեւելքի միակ գերտերությունն ու կայուն պետությունը, ինչը բավականին բարենպաստ կլինի Հայաստանի համար»,-եզրափակել է իրանագետը:
Հիշեցնենք, որ Իրանում հունիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում երկրի նախագահ է ընտրվել բարեփոխականների ներկայացուցիչ Հասան Ռոուհանին:




























