Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրանցի ոչ մի գործիչ ստանդարտ հայտարարությունների շրջանակից դուրս չի գա: Մասնավորապես, հանուն խաղաղ կարգավորման ելույթներ կհնչեն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանին Բաքու այցելելու դեպքում կընդգծի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահելու անհրաժեշտությունը, իսկ Երեւանում նման հայտարարություն չի հնչի:

«Շատ հաճախ ղեկավար գործիչների հայտարարությունները եւ իրական քաղաքական ուղղությունը չեն համընկնում: ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից Իրանի դիրքորոշումը, կարծում եմ, չի փոխվի», - նշել է Վարդան Ոսկանյանը եւ միաժամանակ բացառել Իրանի կողմից միջնորդի դեր ստանձնելը՝  դա բացատրելով նրանով, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող բանակցային ձեւաչափը: Ադրբեջանի համար միակ ընդունելի տարբերակը թուրքիային միջնորդական առաքելությամբ ներգրավելն է: Սակայն Թուրքիան ճիշտ կանի սեփական ներքին  խնդիրները լուծի», - ամփոփել է Վարդան Ոսկանյանը:

Հիշեցնենք, հունիսի 14-ին Իրանում նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուհանին: