Ճապոնիայի կառավարությանն առընթեր Գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդը կառավարությանը կառաջարկի թույլատրել կենդանիների օրգանիզմում մարդկային օրգաններ աճեցնելու հետազոտությունները՝ հիվանդներին եւ հաշմանդամներին փոխպատվաստելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հուլիսին նախագիծը պաշտոնապես կներկայացվի կառավարության քննարկմանը: Դրա ընդունման դեպքում 2001թ. ընդունված կլոնավորման մասին օրենքում փոփոխությունների հարկ կլինի:
Խոսքը զարգացման որոշակի մակարդակի հասած կենդանու սաղմի օրգանիզմում մարդու ցողունաբջիջներ ներդնելու մասին է: Հետո նման էմբրիոնը կփոխպատվաստվի էգին, որը մարդկային օրգանով պտուղ կծնի:
Տոկիոյի համալսարանի մասնագետներն այս տարի խոզերի հետ նման հաջող փորձարկումներ են կատարել: Ճապոնիայում այժմ միայն տեսական հետազոտությունների համար է թույլատրվում մարդկային բջիջները կենդանու էմբրիոնում ներարկելը:
Կառավարության փորձագետները նաեւ գիտակցում են նման գիտական փորձարկումների հետ կապված բարոյագիտական խնդիրները: Այդ պատճառով կենդանիների օրգանիզմում մարդկային օրգաններ աճեցնելու թույլտվությունը պետք է սահմանափակումներ ունենա՝ ամեն որոշակի դեպք ուսումնասիրելով:




























