Հանգստյան օրերին Երկրի բնակիչները կկարողանան ականատես լինել զարմանալի աստղագիտական երեւույթի` «սուպեր-լուսնի»: Հունիսի 23-ին` երեւանյան ժամանակով 15:32-ին, Լուսինն առավելագույնս կմոտենա Երկրին: Հաջորդ անգամ նման երեւույթ կդիտվի 2014-ին:

Արբանյակի եւ Երկրի միջեւ հեռավորությունը կկազմի 356 991կմ:  Երկու շաբաթ անց` հուլիսի 7-ին, Լուսինը երկրից կհեռանա 406 490 կմ-ով` հասնելով իր ապոգեյին:

Համարվում է, որ «սուպեր-լուսինը» կարող է բնական աղետների պատճառ հանդիսանալ, սակայն NASA առայժմ ուղիղ կապ չի հայտնաբերել Երկրի վրա տեղի ունեցող աղետների եւ լուսնի մոտեցման միջեւ: Այս մասին գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:

«Սուպեր-լուսնի» ժամանակ Լուսինը, Երկիրը եւ Արեւը մի գծում են հայտնվում, եւ Երկիրը հայտնվում է երկու տիեզերական մարմինների կենտրոնում: NASA-ի տվյալներով` այդ ժամանակ օվկիանոսի մակարդակը մի քանի սանտիմետրով փոխվում է, ինչը բնականոն է մակընթացությունների եւ տեղատվությունների ժամանակ: Նույն բանը տեղի է ունենալու նաեւ հունիսի 23-ին: