Հունիսի 21-ին եւ 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:
«ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին» այս տարի կմասնակցեն 62 կազմակերպություններ եւ ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ հետեւյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների եւ հաճախորդների կառավարման համակարգեր, call կենտրոններ եւ հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաեւ` պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայությունները եւ այլն:
Ֆորումի մուտքն ազատ է: Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, հովանավորն է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին: Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:




























