Հայաստանում 2015 թ. հունիսի 1-ից անալոգային հեռուստատեսային հեռարձակումից անցում է կատարվելու եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակման։

ՀՀ կառավարությունն այսօր` հունիսի 20-ին հաստատեց ՀՀ-ում վերգետնյա թվային հեռուստահամակարգի ներդրման ծրագիրը:

Նշենք, որ ներկայում անալոգային հեռուստատեսային հեռարձակման նպատակով օգտագործվում են Ստոկհոլմ-1961-ով հատկացված թվով 12 մետրային եւ Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ռեեստրում գրանցված թվով 43 դեցիմետրային հաճախականությունները:

Ըստ ծրագրի` ՀՀ-ում թվային հեռուստառադիոհեռարձակման ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել  գործող անալոգային ցանցի բազայի վրա` առավելագույնս օգտագործելով վերջինիս ենթակառուցվածքը` հեռուստաաշտարակներ, շենք-շինություններ, էլեկտրամատակարարման համակարգեր, պասիվ վերահաղորդման կետեր, տրանսպորտային հաղորդակցման միջոցներ, ինչը զգալի չափով կնվազեցնի կապիտալ ներդրումները:

Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի բնակչության ոչ պակաս քան 95%-ի մոտ թվային ընդունիչների կամ կցուրդների առկայության դեպքում: Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակման դադարեցման ժամկետը 2015թ. հունիսի 1-ն է:

ՀՀ տարածքում թվային հեռուստատեսային հեռարձակման համար ՀՄՄ-ի կողմից PKP-06 պլանով հատկացվել է թվով 45 կապուղի: