Google համացանցային ընկերության գաղտնիության քաղաքականությունը չի համապատասխանում Ֆրանսիայի օրենսդրությանը եւ պետք է վերանայվի երեք ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ֆրանսիական իրավաբանական  CNIL կարգավորողը:

Հակառակ դեպքում ընկերությունը պետք է տուգանք վճարի՝ սկզբում 150 հազար եվրո, իսկ եթե դրանից հետո փոփոխություններ չհետեւեն, ապա ՝ կրկնակի, հայտնում է   BBC-ի ռուսական ծառայությունը:

CNIL-ում հայտնել են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ընկերությանը  նմանատիպ պահանջ կներկայացնեն նաեւ Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան եւ Նիդեռլանդները:

 Օգտվողների անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ ընկերության մոտեցումն անհանգստացնում է եվրոպական կարգավորողներին: Անցյալ տարվա մարտին Google-ը որոշել էր հավաքել իր բոլոր 60 ծառայությունների, այդ թվում՝ YouTube-ի եւ  Google+ սոցցանցի  օգտվողների վերաբերյալ տեղեկություններ՝ «օգտվողի ամբողջական պատկերը» կազմելու համար:

ԵՄ-ում պահանջել էին, որպեսզի ընկերությունն օգտվողներին տեղեկացնի, թե ինչպիսի տվյալներ է նրանց մասին հավաքում եւ ինչպես է դրանք օգտագործում: