Մեքսիկայի դժվարամատչելի շրջաններից մեկում հնագետները հայտնաբերել են մայաների հնագույն քաղաք, որն ստացել է Չակտուն անունը, որը նշանակում է «մեծ քար» կամ «կարմիր քար»: Մասնագետների գնահատմամբ, քաղաքը մոտ հազար տարեկան է: Ինչ որ ժամանակ այնտեղ բնակվել են տասնյակ հազարավոր մարդիկ:
«Huffington Post»-ը հայտնում է, որ հնագույն բնակավայրը զբաղեցնում է մոտ 22 հա տարածք: Գիտնականները կարծում են, որ քաղաքն իր ծաղկման շրջանում է եղել մ. թ. 600-900 թթ-ին:
Չակտունում, ըստ մասնագետների, բնակիչների թիվը կարող էր հասնել մինչեւ 40 հազար մարդու, սակայն 1000թ-ի մոտակայքում քաղաքը հանկարծակի դատարկվել է: Ոչ ոք չգիտի, թե ինչն է եղել հնդկացիների զանգվածային արտագաղթի պատճառը: Քաղաքում, որի մասին պատմական փաստաթղթերում ոչ մի հիշատակում չկա, հնագետները հայտնաբերել են բազմաթիվ հուշարձաններ, ծիսակարգային կառույցներ, բարձր խավին պատկանող պալատներ եւ սովորական տներ: Չակտունում պահպանվել է նաեւ մոտ 15 բուրգ, որոնց բարձրությունը հասնում է 23 մետրի, հաղորդում է «Վեստին»:
Միաժամանակ, պարզվել է, որ գիտնականներներն առաջինը չեն, որ այցելել են Չակտուն: Հնագետները նկատել են, որ մոտ 20-30 տարի առաջ քաղաքում մարդիկ են եղել, ովքեր ծառերի վրա փորագրություններ են թողել:











