Այս տարի առաջին անգամ «Մայքրոսոֆթ» ընկերությունը «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ում հանդես է գալիս HP ընկերության հետ համատեղ եւ ներկայանում է «Յունիքոմփ» ընկերության միջոցով: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքով՝ HP-ն «Յունիքոմփի» կարեւոր գործընկերներից է, եւ վերջերս նաեւ դարձել է «Մայքրոսոֆթի» գործընկերը:
«Ներկայում «Մայքրոսոֆթը» իր բիզնես մոդելի գլոբալ փոփոխություն է իրականացնում: Ավանդաբար «Մայքրոսոֆթը» եղել է ծրագրային խոշոր արտադրող եւ վաճառող, իսկ նոր մոդելով դառնում է նաեւ սարքերի (device-երի) մատակարար եւ օնլայն ծառայություններ մատուցող: Ցանկացած օգտատեր, եթե ունի հեռուստացուց, հեռախոս, պլանշետ, համակարգիչ եւ այլն, մեր սարքի միջոցով, որն իրականում օպերացիոն համակարգ է (որի համար հատուկ ստեղծվել է windows 8-ը), անմիջապես հնարավորություն կստանա օգտվել ծրագրային փաթեթներից»,- պարզաբանեց Գ. Բարսեղյանը:
Նրա ներկայացմամբ՝ սա մեծ առավելություն է տալիս հատկապես փոքր բիզնեսին, որը զրկված է հզոր ՏՏ ենթակառուցվածք, էլեկտրոնային փոստ, մենեջմենթի կառավարման ծրագրեր, օֆիսային թանկ փաթեթներ ունենալու հնարավորությունից; Դրանք ունենալու համար հարկավոր են լուրջ ներդրումներ՝ սերվերների, ծրագրերի գնում, համապատասխան կադրեր եւ այլն: Ունենալով այս սարքը՝ օգտատերն անմիջապես այդ ամբողջ ենթակառուցվածքը ստանում է «Մայքրոսոֆթի» կենտրոններից՝ որպես բաժանորդագրություն: Օրինակ՝ բնակիչը ամսական 8 դոլար վճարելով (եթե ունի հեռուստացույց), կարող է ստանալ 5 համակարգչի համար օֆիս համակարգը, ներառյալ outlook, excel, word եւ այլն, կարող է ստանալ մինչեւ 30 գեգաբայթ պահուստը, գումարած ամսական 60 րոպե անվճար սկայպ:
Գ. Բարսեղյանի տեղեկացմամբ՝ հուլիսի 1-ից մարդիկ կարող են մեկ ամսով անվճար ստանալ փորձնական տարբերակները, մինչեւ տարեվերջ դրանք կտրամադրվեն արդեն առեւտրային հիմունքներով:




























