Ռուսաստանը շարունակում է Իրանին համոզել, որպեսզի հետ կանչի С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման բազմամիլիարդանոց գործարքը խզելու համար ներկայացրած դատական հայցը։ Մոսկվան դիտարկում է Թեհրանին «Անտեյ-2500» համալիրներ մատակարարելու հնարավորությունը, որոնց վրա պաշտոնապես չեն տարածվում Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրում նշված սահմանափակումները, գրում է «Կոմերսանտը»։
Թերթի աղբյուրը հայտնել է, որ ՌԴ նախագահի աշխատակզմում Մեդվեդեւի հրամանագիրը չեղյալ հայտարարելու հարցը չի քննարկվում, սակայն դիտարկվում է Իրանին սահմանափակումների ցանկում չընդգրկված համալիրներ մատակարարելու հնարավորությունը։
«Կոմերսանտի» զրուցակիցները հստակեցրել են, որ խոսքը Թեհրանին «Անտեյ-2500» համալիրներ մատակարարելու հնարավորության մասին է, որոնք С-300-ի փոփոխված տարբերակն են, եւ իրավաբանորեն 2010թ. հրամանագիրը դրանց վրա չի տարածվում։
Իրանի հետ С-300 համալիրների մատակարարման մասին մոտ 800 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրվել էր 2007թ.։
Երեք տարի անց ՄԱԿ-ի ԱԽ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ էր սահմանել, այդ թվում՝ ժամանակակից սպառազինությունների մատակարարումը դադարեցնելու։ 2010թ. սեպտեմբերին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այդ բանաձեւը կյանքի կոչելու միջոցառումների մասին հրամանակիր էր ստորագրել եւ զրոյացրել Իրանին С-300 համալիրներ մատակարարելու պայմանագիրը։
Ի պատասխան Իրանի պաշտպանության նախարարությունը եւ Aerospace Industries Organization պետական ընկերությունը Ժնեւի միջնորդական դատարան 800 մլն դոլարի հայց էին ներկայացրել ընդդեմ «Ռոսօբօրոնէքսպերտի» (Տուգանքների հետ միասին այն կազմել էր 4 մլրդ դոլար)։ Ռուսաստանի իշխանությունները Իրանին որպես փոխզիջումային տարբերակ առաջարկել էին «Тор-М1Э» ԶՀՀ-ներ մատակարարել, բայց այդ տարբերակը Իրանին չէր գոհացրել։
Ըստ փորձագետների՝ նոր առաջարկը պետք է որ ձեռնտու լինի Իրանին։
Իրանի ԱԳՆ-ին մոտ կանգնած «Կոմերսանտի» աղբյուրի խոսքով՝ այս թեման կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա իրանցի գործընկերոջ հուլիսի 1-ին կայանալիք հանդիպման առանցքային թեման դառնալ։
Իրանի նախագահը Մոսկվա է մեկնելու՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների գագաթաժողովին։




























