Մոսկվան ցանկանում է Արեւմուտքին ցույց տալ, թե ով է Հարավային Կովկասի տարածաշրջանում իսկական տերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` մեկնաբանելով Ադրեբջանին սպառազինությունների մատակարարման եւ Իրանին սպասվող մատակարարումների մասին տեղեկությունները:
Նրա խոսքով` երկու դեպքն էլ կարելի է դիտարկել որպես նույն պատկերի տարր, իսկ երկրորդ մասի նպատակը իրավիճակը «ձեռքում պահելն» է: «Ռուսաստանը ցանկանում է ցույց տալ, որ տարածաշրջանում մնում է իրավիճակի տերը, եւ որ տրածաշրջանային խնդիրները լուծվելու են իր պայմաններով»,-նկատեց փորձագետը:Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինությունների մատակարարմանը, փորձագետը կարծիք հայտնեց, որ տվյալ դեպքում ռուսական կողմը պրագմատիկ մոտեցում է դրսեւորել ` հաշվի առնելով, որ սպառազինություններն այսպես թե այնպես ձեռք կբերվեին եւ նախընտրել է բաց չթողնել կլորիկ գումարը:
«Հաշվի առնելով Մոսկվայի եւ Բաքվի միջեւ լարվածությունը, տպավորություն է ստեղծվում, թե հիմա Մոսկվան ցանկանում է դուր գալ Բաքվին: Սակայն անգամ պրագմատիկ մոտեցումը չի փոխարինում տարրական հպարտությանը: Փողն ամենակարեւոր բանը չէ կյանքում»,-նկատեց Ա. Գրիգորյանը:Նշենք, որ ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Մոսկվան պատրաստ է Իրանին առաջարկել զենիթային «Անթեյ -2500» համալիրը, որը «С-300В» համալիրի արդիականացված տարբերակն է:




























