Տնտեսության զարգացման վերաբերյալ վարչապետի հանձնարարականները մի գերատեսչությունից մյուսին են «շպրտվում»: Այս մասին հունիսի 24-ին հայտարարել է Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը` մեկնաբանելով Երեւանում հունիսի 21-22 կայացած «DigiTec Business» համաժողովի արդյունքները: Նրա խոսքով` IT-ոլորտի զարգացման հարցում պետությունն ավելին պետք է անի: «Համաշխարհային տնտեսական համաժողովի Գլոբալ IT-զեկույցում Հայաստանը զբաղեցնում էր 116-րդ հորիզոնականը, այժմ` 82-րդ: Դա, իհարկե, քիչ է, սակայն միտումը պետք է պահպանել»,-ասել է նա:
«Համաժողովն արդեն 6-րդ անգամ անցկացվել է վարչապետի հովանու ներքո: Այժմ արդեն բազմաթիվ ձեռնարկություններում կան ծրագրավորողների թիմեր, որոնք աշխատում են արտադրության ավտոմատիզացման ուղղությամբ: Սակայն պետության ազդեցությունը պետք է ավելանա, քանի որ մեր ոլորտի ղեկավարմամբ զբաղվում են բազմաթիվ գերատեսչություններ: Վարչապետը հանձնարարականներ է տալիս, որոնք մի գերատեսչությունից մյուսին են փոխանցվում»,-եզրափակել է Վարդանյանը:




























